2024 թվականի օգոստոսի 21-ին «ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակը հանդիսավոր կերպով բացեց իր նոր մասնաճյուղը Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Բացման արարողությանը մասնակցել են մարզային գործարար շրջանակների ներկայացուցիչներ, փաստաբաններ, ոլորտի այլ մասնագետներ, ինչպես նաև հատուկ հյուրեր Երևանից։

Միջոցառման ընթացքում «ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր Արսեն Բաբայանը ողջունեց ներկաներին և նշեց, որ Սյունիքի մարզում մասնաճյուղի բացումը կարևոր քայլ է, որը կբարձրացնի մատուցվող փաստաբանական ծառայությունների որակը և հասանելիությունը մարզի բնակչության և տնտեսվարողների համար։ «Մեր նպատակն է՝ ապահովել բարձրորակ և արդյունավետ իրավական ծառայություններ, որոնք ուղղված կլինեն մեր հաճախորդների իրավունքների պաշտպանությանն ու արդարության վերականգնմանը»,- ասել է նա։

Արսեն Բաբայանը ներկաներին ներկայացրեց «ԼԵԳԻՍՏ» Սյունիքի մասնաճյուղի ղեկավար Ռուդիկ Դոլունցին, ով հանդիսանում է «ԼԵԳԻՍՏ» փաստաբանական ընկերության գործընկեր–բաժնետեր։

Ռուդիկ Դոլունցը իր շնորհակալության խոսքում ընդգծել է, որ մասնաճյուղի բացման առթիվ «ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակը նախաձեռնել է հատուկ ակցիաներ Սյունիքի մարզի գործարարների համար։ Առաջին ակցիան արդեն մեկնարկել է և նախատեսում է բոլոր այն տնտեսվարողների գործերի անվճար ուսումնասիրությունը և դատարաններում վիճարկումը, որոնք տուգանվել են հարկային կամ այլ պետական մարմինների կողմից։ Ընկերությունը գործերի համար վճար կպահանջի միայն այն դեպքում, եթե հաջողվի հասնել հաղթանակի և ապօրինի տուգանքները վերացվեն։

Գրասենյակը, Ռուդիկ Դոլունցի խոսքով, փաստաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերում՝ քաղաքացիական, վարչական, քրեական, կորպորատիվ և այլն։

«ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակի նոր մասնաճյուղի բացումը հաստատում է ընկերության հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնելու իր գործունեությունը և աջակցելու Հայաստանի բոլոր մարզերում գործող անձանց և կազմակերպություններին։