Ձերբակալումը ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար (ՔԴՕ 111-րդ հոդված)

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՔԴՕ) 111-րդ հոդվածով նախատեսված ձերբակալման էությունը կայանում է նրանում, որ նախաքննության մարմինն այդ կարգավորմամբ մեղադրյալին պետք է ձերբակալի միայն այն դեպքում, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել վերջինիս նկատմամբ կիրառել կալանք խափանման միջոցը։ Այսինքն, նախաքննության մարմինը պետք է իր ստացած փաստական տվյալներով կամ որևէ այլ տեղեկությամբ հիմնավորված համարի, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալը պատրաստվում է այնպիսի գործողություններ կատարել, որոնցով թույլ կտա կալանք խափանման միջոցի նպատակներին հասնելու խոչընդոտում։ Ավելի պարզ՝ այդ կարգով ձերբակալման համար նախաքննության մարմնում պետք է ստացված լինեն այնպիսի օբյեկտիվ տվյալները, որոնք կարող են նվազագույն, բայց հիմնավոր կասկածներ հարուցեն այն մասին, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալին չկալանավորելու դեպքում նա` 1) պատրաստվում է թաքնվել քննությունից, 2) պատրաստվում է խոչընդոտել քննությանը, 3) պատրաստվում է կատարել հանցագործություն։ Ընդորում լիարժեք  բավարար է թվարկված հիմքերից միայն մեկի վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը, սակայն պայմանով, որ այդ կասկածը պետք է ձևավորված լինի օբյեկտիվ տվյալների հիման վրա և չկրի ձևական բնույթ։ Իսկ այդպիսի հիմքերի ամբողջական բացակայությունը բացառում է անձին այդ կարգավորմամբ ձերբակալելու հնարավորությունը։ Այս մեկնաբանությունը բխում է ՔԴՕ 111-րդ հոդվածի բովանդակությունից, մասնավորապես՝ «(…) կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում» ձևակերպումից, ինչով օրենսդիրը նախատեսել է, որ այդ հիմքով ձերբակալություն թույլատրելի է կատարել միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտություն է առաջացել մեղադրյալի նկատմամբ կիրառել հենց կալանք խափանման միջոցը։ Այս նվազագույն պայմանը չբավարարող դեպքերում անձին նշված կարգավորմամբ ձերբակալելու օրենսդրական կամ դատական նախադեպով թույլտվությունը կհանգեցնի վարույթն իրականացնող մարմնի կողմից կամայականությունների դրսևորման հնարավորության։ Կստացվի իրավիճակ, երբ քննիչը ցանկացած մեղադրյալի իրավունք կունենա ամեն դեպքում, իր քմահաճույքով, ձերբակալելու, ինչը որևէ կերպ չի բխում քրեական դատավարության սկզբունքներից և կհակասի անձի հիմնական իրավունքներից ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակմանը։ Հետևաբար, քննիչը ելնելով օբյեկտիվ փաստական տվյալներից առնվազն պետք է հիմնավորված համարի, որ առկա են կալանք խափանման միջոցի կիրառելու համար քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ նվազագույն հիմքերը և ձերբակալության վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է գիտակցի, որ կայացնում է դատարանի կողմից կայացվող կալանք խափանման միջոց կիրառելուն հավասարազոր որոշում և այդպիսով ապահովի այն նվազագույն պայմանները, որոնք անհրաժեշտ են դատարանին այդպիսի խափանման միջոց կիրառելու համար։

Մեր համոզմամբ այս կարգավորմամբ նախատեսված դեպքում դատարանը քննության առնելով կալանավորում կիրառելու միջնորդությունը առաջին հերթին պետք է պարզի, թե արդյոք ձերբակալումն իրականացվել է վերոգրյալ պայմանների ապահովմամբ և բացասական եզրահանգման գալու պարագայում պետք է մերժի կալանք կիրառելու միջնորդությունն առանց քննելու կալանքի հիմքերի առկայությունը։

Հեղինակ՝ Արսեն Բաբայան